Թուրքիայի տրանսպորտի նախարարը` հայ-թուրքական սահմանային անցակետի բացման մասին
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասանկցել է Ալանիա քաղաքում 45 երկրից ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպմանը։ Ուրալօղլուն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերակսահմանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում։
Ըստ Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա՝ ուղղակիորեն կապելով Թուրքիան և Ադրբեջանը։
«Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով Ալիջան սահմանային անցակետին՝ նախարարը նշել է, որ այդ անցակետի համար սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։
«Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, Ալիջան անցակետը կբացվի», – հայտնել է Ուրալօղլուն։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։
«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան».- հայտնել է նախարարը։
Ուրալօղլուի ձևակերպմամբ՝ նման զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցք»-ի արդյունավետությունը և Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նաև հավելել է, որ. «Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»։

