ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԱԾ-Ի ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ. ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՆՐԱՆՔ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նորանշանակ քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Հովհաննավանքի և Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, ի թիվս վերջին օրերին հայ հանրությանը փոթորկող այլ հարցերի, խոսել են նաև հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ու Քննչական կոմիտեի (ՔԿ) աշխատակիցների՝ Արագածոտնի թեմի քահանաների բնակարաններ ներխուժելու ու խուզարկությունների մասին:

«Հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան 07:30-ին, ծրագրված, ոչ միայն իմ, այլև թեմի մյուս հոգևորականների բնակարաններ ներխուժում եղավ: Դիմակներով չէին, մեր տուն 3 հոգով եկան, ներկայացրեցին դատարանի որոշումը, առաջինը վերցրեցին իմ ու տիկնոջս հեռախոսները. մինչև հիմա իրենց մոտ է: 4 երեխաներս քնած էին: Իրենք համաձայնեցին սպասել հյուրասենյակում, մինչև կինս արթնացրեց երեխաներին, հավաքեցինք մի սենյակում, հերթով ստուգեցին սենյակները, տարան նաև երեխաների համակարգիչները…»,- պատմեց Տեր Սարգիսը:

Վերջինս նշեց՝ չգիտեմ՝ ինչ էին փնտրում. ավելի շատ գրառումներ, թղթեր էին փնտրում, տարան նույնիսկ իմ ձեռքով գրված աղոթքների ժողովածուն, անգամ երեխայի նոտաների տետրերը նայեցին, տարան…

Կարդացեք նաև

«Ձեռքով գրված բան էին փնտրում: Վերջում ասացին՝ Դուք էլ պիտի գաք, մի փոքր հարց կա: Ասացի՝ պայմանավորվածություն ունեմ, հոգևոր սպասավորություն պետք է անեմ, բայց իրենք իրավասու չէին որոշում կայացնել: Իրենց զանգով ասում էին՝ ինչ անել, խոսեցին, ասացին՝ չէ, պիտի գնանք: Առաջարկեցի իմ մեքենայով գնալ: Դա էլ պարզեցին, ասացին՝ դա էլ չի լինելու, եթե չգաս, ուրիշները կգան, ուրիշ ձև կտանեն: Երեխաները սկզբնական շրջանում վախեցած, շփոթված, հուզված էին… Դուռը որ թակում էին, վախենում էին, հիմա անցնում է այդ վախը»,- ասաց Տեր Հայրը:

Տեր Մանուկ քահանան էլ նկատեց՝ իր պարագայում էլ գրեթե նույն կերպ է եղել:

«Մեր տուն 4 հոգի էին եկել, խուզարկեցին ամբողջ տունը, ոչինչ չգտան: 5 բջջային հեռախոս տարան, որից 3-ը՝ երեխաներինը: Դեռ հետ չեն տվել: Գրառումներ էին փնտրում, փող, ոսկի, ոչինչ չգտան…  Կնոջս օղերը գտան, զանգեցին ինչ-որ մեկին, այնտեղից ասացին՝ մի վերցրեք, թողեք: Ամոթ էի զգում…Չափազանց ամոթալի էր Քննչական կոմիտեի հաջորդ ծանուցումը, երբ կիրակի օրով 09:30 կանչել էին. ո՞վ էր գնալու, թեմը մնար առանց պատարագների: Կարծում եմ՝ հասկացան: Մեր առօրյան, հոգևոր կյանքը խախտվեց…»,- ասաց Տեր Մանուկը:

Քահանաների խոսքով՝ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանն ինչքան էլ հերքի, ինքը գնացել է, բազմաթիվ ցուցմունքներ է տվել բոլոր քահանաների դեմ… «Ծանուցագրի մեջ գրված էր, որ նրա ցուցմունքների հիման վրա են մեզ կանչել Քննչական կոմիտե»,- ասացին նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս