ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ 2026 թվականի հունվարի 1-ից, Կառավարության համապատասխան որոշմամբ, նույնականացման միջոցներով պարտադիր պետք է դրոշմավորվեն հետևյալ ապրանքախմբերը՝

կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309).
նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3203 00, 3204, 3205 00 000 0, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3211 00 000 0, 3212, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0).

դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 , 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։

Միաժամանակ, ցանկության դեպքում, արտադրող ու ներմուծող ընկերությունները կարող են նույնականացման միջոցներով թվային դրոշմավորման գործընթացը սկսել սահմանված ժամկետից շուտ։

Նշենք, որ թվային դրոշմավորումն ապրանքի վրա նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է։ Այն հատուկ երկչափ ծածկագիր է, որն արտաքնապես նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ․ արտադրող, ծագման երկիր, բնութագրեր, տեղաշարժ և այլն: Ծածկագիրն անհատական է յուրաքանչյուր ապրանքի համար։

Հիշեցնենք, որ արտադրող կամ ներմուծող ընկերությունն ապրանքների դրոշմավորման համար պայմանագիր է կնքում «e-Mark» ազգային օպերատորի հետ, որից հետո ապրանքը գրանցում է «Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական» համակարգում։ Գրանցումից հետո ընկերությունն էլեկտրոնային եղանակով ծածկագիր է պատվիրում «24/7 ռեժիմով» և տպագրված ծածկագրերով դրոշմավորում իր ապրանքները։ Հաջորդ քայլով վերջինս նույն համակարգում (ԱԴԱՏՀ) փոխում է ծածկագրի կարգավիճակը՝ դարձնելով «Շրջանառության մեջ դրված», որպեսզի ապրանքն օտարելու «վաճառելու» հնարավորություն ունենա։

Իսկ վաճառակետերը, դրոշմավորված ապրանքը վաճառելու համար, պետք է ապահովված լինեն երկչափ (2D) շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որոնք պետք է ինտեգրված լինեն ՀԴՄ սարքերին։ Վերջնական սպառման պահին ապրանքը սկանավորվում է, ինչի արդյունքում այն դուրս է գալիս շրջանառությունից։ Ծածկագրի տվյալները ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում են ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։

Ի դեպ, ներմուծվող ապրանքների դեպքում, եթե դրանք ենթակա են թվային դրոշմավորման, հայաֆիկացման ամբողջ տեղեկատվությունը կարող է ներառվել նույնականացման ծածկագրերում։

Միաժամանակ հիշեցնենք, որ ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման գործընթացը Հայաստանում ներդրվել է փուլային եղանակով՝ 2023 թվականից սկսած։ Այս պահին նույնականացման միջոցներով դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը, սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը, կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։

 

Տեսանյութեր

Լրահոս