Ճապոնական «Daikin»-ը Թուրքիան ընտրել է որպես տարածաշրջանի արտադրական կենտրոն
Ճապոնական «Daikin» ընկերությունը հայտարարում է, որ Թուրքիան կդառնա Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների համար իր արտադրական և արտահանման հիմնական բազան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընկերությունը առաջիկա հինգ տարում նախատեսում է Թուրքիայում իրականացնել ավելի քան 100 մլն եվրոյի ներդրում։
«Daikin Türkiye» ընկերության տարածաշրջանային ղեկավար Հասան Օնդերը նշել է, որ ընկերությունը Թուրքիային դիտարկում է որպես իր նոր արտահանման կենտրոն՝ ընդգծելով, որ առաջիկա տարիներին այստեղ կգան նոր արտադրական ներդրումներ։
Սաքարյայի Հենդեկ քաղաքում գործող գործարանում ընկերությունն արտադրում է օդորակիչներ, ջեռուցիչներ և սառեցման համակարգեր, որոնք արտահանվում են Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա։
«Daikin»-ը Թուրքիայում 7 տարի անընդմեջ հանդիսանում է ոլորտի արտահանման առաջատարը։ Անցյալ տարի այն ունեցել է 700 մլն եվրո շրջանառություն, որից 400 միլիոնը՝ արտահանման շնորհիվ։ Այս տարին նախատեսվում է ավարտել 820 մլն եվրո շրջանառությամբ։

