«Առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի. Եզրաս սրբազանը «ԿԳԲ ագենտ» է». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձավ Վեհափառ հայրապետի եղբորը՝ Եզրաս սրբազանին, ասելով, որ նախկինում էլ է նրա մասին խոսել։
«Ես անորոշ բան չեմ ասել, կարծեմ թեմի անունն էլ եմ տվել, ամեն դեպքում ես այդպես եմ հիշում, որ եթե այդպես շատ կոնկրետ անունը չեմ ասել, ապա այնքան պարզ եմ ասել, որ ևս մեկ անգամ անունը ճշգրտելու անհրաժեշտություն չկա։
Կարծում եմ՝ այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են՝ ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից նա հավաքագրվել է՝ որպես ՊԱԿ գործակալ, և դա փաստ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե զարմանում է, որ այս հարցն այսքան քննարկվում է, սակայն այդպես էլ որևէ պարզաբանում չի ակնկալվում ո՛չ կաթողիկոսից, ո՛չ էլ նրա եղբորից։
«Հիմա երկու հարց պետք է պարզաբանվի, որը պետք է ունենա շատ կոնկրետ պատասխան. Եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի և այդ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, ինքը կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը։
Այս հարցն ինչո՞ւ չի հնչում Հայաստանում, ինչո՞ւ որևէ մեկն այս հարցը չի տալիս Մայր Աթոռի որևէ ներկայացուցչի։ Կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտ է արել ու երեխա է ունեցել, կարո՞ղ է լինել կաթողիկոս, թե՞ ոչ։ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, Հայաստանյաց Առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի։ Կա մարդ, ով ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Թեման շարունակելով՝ նա նաև ասաց, որ՝ «կաթողիկոսը երեխա ունենալու բերումով, չի կարող կաթողիկոս լինել»։
«Դրա համար ենք մենք նրան ասում Կտրիճ Ներսիսյան, որովհետև նա կաթողիկոս չէ։
ՌԴ-ում պարգևատրված անձը, կարող է պատահի, ունի Ռուսաստանի քաղաքացիություն ևս, սա էլ պետք չէ բացառել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Եզրաս սրբաանին, ով օրերս ՌԴ նախագահի կողմից պարգևատրվել էր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

