Հատ-հատ ցխելու եմ այն ընդդիմադիրներին, որոնք կփորձեն պահել Նիկոլի իշխանությունը. Նաիրա Զոհրաբյան
«Հայաստանն ամփոփում է ավտորիտարիզմի հերթական փուլը. այս երկիրը ոտքով-գլխով թաղված է բռնատիրության ճիրաններում, հետևաբար՝ վաղը կամ մյուս օրը մարդուն կալանավորելու են անգամ առանց սուտ մատնության, ձայնագրության կամ տեսանյութի։ Նիկոլը գնալու է ամեն ինչի, որովհետև Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը հետդարձի ճանապարհ չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Այսօր կալանավորել են Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, վաղը կալանավորելու են Վեհափառին։ Նիկոլը կանցավիկ է, և հետդարձի ճանապարհ չունի։ Նա ամեն ինչ արել է և անելու է։ Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլն այդ կարմիր գիծը չի անցնելու, ապա ես կուզենայի այդ մարդկանց լավատեսությունից մի սիսեռահատիկ ունենալ։ Նիկոլը կալանավորելու է կաթողիկոսին. նրա ընտանիքի շուրջ սեղմվող այս օղակը նաև դրա համար է»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն այնքան ոչ լեգիտիմ և թույլ գործիչ է, որ իր իշխանությունը պահելու համար գնալու է նման բռնաճնշումների, որովհետև մյուս կողմից՝ տեսնում է իր իշխանության նկատմամբ ատելության այն զարհուրելի չափը, որը կա երկրում։

«Նայեք Հովհաննավանքին. անգամ գազելներով այդքան էլեկտորատ տարան, բայց որքան քիչ մարդ էր հավաքվել։ Հիմա էլ որոշել է գնալ Թալին։ Այսինքն՝ ինքը պղծում է բոլոր այն սրբավայրերը, որտեղ գնում էր հավատավոր հայ ժողովուրդը։ Մինչև Հովհաննավանքը նորից չօծվի, ինչը պետք է արվի 7 օր գինով և մյուռոնով, ես այդ եկեղեցի չեմ մտնի»,– ասաց քաղաքական գործիչը։
Ստեղծված իրավիճակում, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ընդդիմությունը պետք է միասնական ճակատ և մեկ միասնական օրակարգ ձևավորի միայն մեկ հարցի շուրջ՝ ինչպես անել, որ Փաշինանից ազատեն Հայաստանը, և չմտածեն, թե ինչ անել, որ մի քանի մանդատ ստանալու համար հայտնվեն խորհրդարանում։

«Չի՛ լինելու նման բան. ես չեմ թողնելու, որ մի քանի քրջոտ մանդատ ստանաք ու դառնաք Նիկոլի ընդդիմադիրները. հատ-հատ պռճոկելու եմ այդ կարգի ընդդիմադիրների դեմքը։ Հատ-հատ ցխելու եմ այն ընդդիմադիրներին, որոնք կփորձեն պահել Նիկոլի իշխանությունը»,- զգուշացրեց Նաիրա Զոհրաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    