«Դավիթ Համբարձումյանը մնալու է իմպիչմենտի մեր թեկնածուն. մենք այլ պլան չունենք». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ իրենց վարչապետի թեկնածուն։

«Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։  Այնպես որ, Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն՝ իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ոչ միայն իմպիչմենտի գործընթացի համար, այլև իր դիրքորոշման պատճառով։

«Մեր կուսակցությունում ես խնդրել եմ իրավական հարցերով զբաղվողներին փնտրել ու տեսնել, թե արդյոք այդ հոդվածով նման պատժաչափ կիրառվե՞լ է։ Ինձ դեռևս պատասխան չեն տվել։ Շատ դաժան որոշում են կայացրել այն պարզ պատճառով, որ համաներումը որևէ ազդեցություն չունենա»,- շեշտեց Երրորդ նախագահը։

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը նաև փոխանցեց՝ այլ պլան չունեն, քան իմպիչմենտի գործընթացն առաջ տանելը։

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց երեկ երեկոյան՝ «Զվարթնոց» օդանավակայանում, նրան իրավապահները նույնիսկ թույլ չտվեցին տեսնել անչափահաս երեխաներին, որոնք նրան սպասում էին օդանավակայանի սպասասրահում։

Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս