Քանի դեռ իշխանության ղեկին սրանք են, ռեպրեսիաները շարունակվելու են. Լարիսա Ալավերդյան

«Հայաստանում իշխանական այս թիմը 2021 թվականից սկսեց սեփական դիմակը պատռել։ 2018 թվականին հայտարարություններ էին անում, որոնք, հետագայում պարզվեց, որ սուտ էին, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո արդեն որևէ մեկի մոտ կասկած չմնաց, թե սրանք ովքեր են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Առաքելական եկեղեցու շուրջ իշխանությունների սկսած քայլերի, հոգևորականների կալանավորումների և հնարավոր վտանգների մասին։

Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ լավ ծանոթ լինելով ներկայիս իշխանությունների որոշ անդամներին նախկինում, նաև՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հրապարակվող հոդվածների բովանդակությանը,  վաղուց էր ասում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակը գալիս է Արցախը հանձնելու, իսկ Հայաստանը դարձնելու Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդը։

«Այսօր ավելի բացահայտ կերպով տեսանելի են այդ նպատակները, ովքեր նախկինում այս ամենի մասին խոսում էին, նրանց տարբեր պիտակներ էին կպցնում։ Հիմա ինչ է տեղի ունենում, այս թիմը մեծ արագություն է հավաքում, որովհետև տեսնում է, որ իր քիչ թե շատ զգուշավոր քայլերը արդյունքի չեն բերում։

Երբ 2 ամիս առաջ ինձ հարցնում էին՝ իշխանությունները կդադարեցնե՞ն եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հեռապնդումները, ես հստակ ասում էի՝ ոչ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, այս խմբի առաջնորդի հենց ի ծնե և հետագայում ձեռք բերած գաղափարախոսությունն է և թուրքական կողմնորոշումը։ Հայատյացությունն ուղղակի այդ մարդու խմբագրած թերթի էջերից թափվում էր, ես չգիտեմ՝ մարդիկ ինչու խաբվեցին 2018 թվականին»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց՝ Արցախը հանձնելուց հետո ներկայիս իշխանությունը՝ իր ղեկավարով հանդերձ, Հայաստանում անցել է դաժան ռեպրեսիաների, որ նայում են գլոբալիստները և խրախուսում։

«Իր նախաստորագրած թղթի կտորը դարձրել է դրոշակ՝ դրսում ցույց տալու, թե՝ տեսեք, արդեն խաղաղ ենք, և երկրի ներսում այս ամենը տարածելու համար շարունակելու է քաղաքական ու հասարակական գործիչների հանդեպ ռեպրեսիաները։ Նման գործընթացներ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չեն եղել։ Առաքելական եկեղեցու նկատմամբ այս արշավը վերջ չի ունենա, վերջ պետք է ունենա այս քաղաքական ուժի իշխանությունը։

Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունն իր ձեռագիրը փոխելու միտում ունի, քանի դեռ Հայաստանում ղեկին իրենք են, այս գործողությունները շարունակվելու են։ Եկեղեցին այն ամենահզոր ու կայուն հաստատություններից է, որը ոչ միայն ազգապահպան է, այլև ազգաստեղծ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Նա հիշեցրեց Հանրային խորհրդի մասին՝ ասելով, որ այն սահմանադրական մարմին է, սակայն տեղի ունեցողի հետ կապված առհասարակ կարծիք չի հայտնում։

«Այս իշխանությունների ամենագլխավոր թիրախը եկեղեցին է, և Նիկոլ Փաշինյանը փորձելու է մարդկային ամենացածր որակներ ունեցող անձանց միջոցով անել ամեն ինչ՝ պառակտելու հոգևորական դասը։ Նա այնպես կբնորոշի հոգևորականներին, որ մարդկանց այն մասին, որ դեռ իրեն հավատում է, կհանի եկեղեցու դեմ։ Այս ճանապարհով նա կոչնչացնի մեր պետականությունը։

Ամոթ է, 8-րդ տարին է, մենք խոսում ենք այս մասին, այս ամենը պետք է վերջ ունենա, ինչ-որ մի հռչակագրի շուրջ պետք է միասնական ճակատ ձևավորվի: Եթե չլինի, տեղի կունենա այն, ինչին ազգովի արժանի ենք»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս