
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԽՄԲԱԿԸ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. «ՄԵՐ ՁԵՎՈՎ»-Ը ԿԽԱՌՆԻ ՆՐԱՆՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ. ԱՐԹՈՒՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Գյումրիում ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը սպասելի էր ինձ համար. ավելին, մենք պետք է բոլորս պատրաստ լինենք նման զարգացումների նաև հետագայում, որովհետև Հայաստանում չկա ժողովրդավարություն, Հայաստանում դադարել են օրենքներ գործել և այս երկիրը սահուն քայլերով գնում է դեպի բռնապետություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վաղ առավոտից Գյումրիում ընթացող զարգացումներին, նման տեսակետ հայտնեց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը՝ ընդգծելով՝ երկիրը բռնապետության վերածելու համատեքստում պետք է դիտարկել նաև իշխանության ղեկավարի նախաձեռնած արշավը՝ ընդդեմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու։
«Ես Հայաստանի պատմության մեջ չգիտեմ ժամանակահատված, երբ ունենանք այս քանակի քաղբանտարկյալներ, կալանավորված սրբազաններ, ազգային բարերար։ Հիմա այս իշխանությունը փորձում է նաև գլխատել Հայ Առաքելական եկեղեցին։ Այն խնդիրը, որը դրեցին և լուծեցին բանակի հարցում, նույն խնդիրը հիմա դրել և փորձում են կյանքի կոչել Հայ Առաքելական եկեղեցու հարցում։ Այս իշխանությունը Հայաստանը տանում է թրացման. ես կասկածներ ունեմ, որ գործում է ուղիղ ցուցումով»,- ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ վաղուց ժամանակն է, որ յուրաքանչյուր իրեն արժանապատիվ հայ համարող մեկը կանգնի եկեղեցու կողքին ու թույլ չտա, որ Վեհարանից կալանքի տանեն Ամենայն Հայոց կաթողիկոսին։
««Մեր ձևով» շարժումը կփոխի Փաշինյանի խաղաքարտերը։ Վստահ եմ։ Մարդիկ ուզում են փոփոխություն, մարդիկ գիտեն՝ ինչ են ուզում, պատրաստ են ոտքի կանգնել։ Ժողովուրդն իրավունք ունի ասելու իր խոսքը։ Փաշինյանի փոքրիկ խմբակը չի տիրապետում իրավիճակին։ Սա ասում եմ՝ շփվելով մարդկանց հետ»,- ասաց Արթուր Միքայելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։