«Եթե այս երկրում փաստաբանը պաշտպանված չէ, ուրեմն՝ ոչինչ պաշտպանված չէ. սա իշխանության կողմից ուղիղ մեսիջ է հասարակությանը». Նինա Կարապետյանց

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդին ու թեմի մեկ տասնյակից ավելի քահանաներին բերման ենթարկելուց, այնուհետև թեմի առաջնորդին ու մեկ քահանայի կալանավորելուց հետո, իրավապահները երեկ դիմակավորված անձանց միջոցով դատարանի բակից բերման ենթարկեցին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին և 2 ամսով կալանավորեցին՝ ֆեյսբուքյան գրառման համար։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանում ընդդիմադիր կեցվածք ունեցող անձանց, որոնց Նիկոլ Փաշինյանը կարող է համարել սպառնալիք, երաշխավորված չէ, որ նրանց նկատմամբ չեն լինելու հետապնդումներ, կեղծ քրեական գործերի հարուցում, կալանավորում և այլն։

«Ֆիզիկական բռնությունը նույնպես չեմ բացառում, որովհետև տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Փարաքարում, երբ ընդդիմադիր, հասարակության լայն աջակցությունը ստացած մարդուն ուղղակի չտեսնելու տվեցին։ Մենք տեսնում ենք, որ մի քաղաքական գործիչ, որն ընդգծված իշխանամետ է, նրա նկատմամբ, այսպես կոչված, մահափորձը կարողանում են կանխարգելել, իսկ ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդուն ուղղակի չտեսնելու են տալիս։

Այնպես որ, այս պայմաններում որևէ մեկը երաշխիքներ չի կարող ունենալ։ Ինքս ավելի մեծ մտավախություն ունեմ, որ այս իշխանությունները կարող են վերարտադրվել և այս վիճակը երկրում շարունակական բնույթ կրի, մնացած բաներից չեմ վախենում, դրա համար էլ գիտեմ՝ ինչ գործընթացների մեջ եմ մտել»,- 168.am հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցը։

Կարդացեք նաև

Լինելով իրավապաշտպան, Նինա Կարապետյանցն ասում է՝ անընդունելի ու դատապարտելի է այն ձևը, որով կալանավորում ու բերման են ենթարկում հոգևորականների։

«Ի՞նչ է նշանակում՝ դիմակավորված ԱԱԾ-ականները գնան ու բերման ենթարկեն հոգևորականների։ Այսինքն՝ այս ամենի ձևն այնպես է, որ ակնհայտորեն եկեղեցու դեմ ուղղված, եկեղեցին վարկաբեկելու և հասարակությանը վախի մթնոլորտում պահելու գործընթաց է տեղի ունենում։ Մյուս կողմից էլ՝ այս ամենով իշխանությունն ուզում է Ադրբեջանին զեկուցել, որ՝ «ձեր սրտի պահանջներն անպայման կատարվել ու կատարվում են»:

Նույն հոգևորականներին իրավապահները կարող էին ուղարկել ծանուցագիր, եթե վերջիններս չներկայանային, կարող են ձերբակալել, այն, ինչը մենք տեսանք՝ պարզապես խայտառակություն էր»,- հավելեց Ն. Կարապետյանցը։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը, Նինա Կարապետյանցն ասաց, որ բացել ու կարդացել է փաստաբանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ որևէ հիմք չի տեսել նրան կալանքի տանելու համար և չի հասկանում, թե արդյո՞ք իմաստ կար մեկ գրառման համար դատարանի բակում իրականացնել մասկի-շոու։

«Եթե այս երկրում փաստաբանը պաշտպանված չէ, ուրեմն՝ ոչինչ պաշտպանված չէ։ Եթե փաստաբանին կարող են գրառման համար այդ մեթոդով տանել կալանքի, կարծում եմ՝ սա հասարակությանն ուղիղ մեսիջ է իշխանության կողմից, որ՝ «որևէ մեկդ պաշտպանված լինել չեք կարող»։

Նախորդ իշխանությունների օրոք, երբ փաստաբանը չէր գործում իշխանության սրտով, փորձում էին խոչընդոտել մեր մուտքը դատարան, միջազգային գործընկերների կողմից համարժեք ու կոշտ գնահատականի արժանացավ։ Բայց այսօր նման իրավիճակ է ստեղծվել, փաստաբանին այս ձևով տանում են կալանքի, և որևէ արձագանք չկա՝ զարմացած եմ»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին և հարցին՝ այդ գրառումներով ինչո՞ւ չեն զբաղվում իրավապահները, Նինա Կարապետյանցը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ականի գրառումների հետևից գնալու համար պետք է երկիրն ունենա անկախ արդարադատություն իրականացնող համակարգ։

«Գոնե այս ամբողջ դատախազական համակարգում պետք է մեկ դատախազ լինի, անկախ քննիչ, կամ գոնե մեկ իրավապաշտան, որը մեկ գրառում կանի, ու կգնան ոչ թե միայն ընդդիմադիրների հետևից, այլև իշխանության ներկայացուցիչների։ Չկա, բոլոր ինստիտուտները կազմաքանդված են, և որևէ բան ակնկալել այս պայմաններում՝ հավանականությունը զրոյին մոտ է»,- ընդգծեց Նինա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։

Այս պահին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված է։ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նշենք նաև, որ այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։

Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Հիշեցնենք նաև, որ այս պահին կալանավորված են նաև Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները՝ Միքայել և Բագրատ սրբազանները։

Երեկ հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։

Տեսանյութեր

Լրահոս