
Վարդան Ղուկասյանը դիմել է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին

Գյումրու Քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցության հայտարարությունը, որով դիմել են ՝
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան տկն․ Քրիստինա Ալիսոն Քվինին, Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վասիլիս Մարագոսին, Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Օլիվիե Դըկոտինյին, Չինաստանի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Լի Սինվեյին, Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտակային, Հունաստանի Արտակարգ և լիազոր դեսպան պրն․ Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան տկն. Նիլակշի Սահա Սինհային, Կիպրոսի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Միքայել Մավրոսին, Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Էնդրյու Թըրներին, Լեհաստանի Գործերի ժամանակավոր հավատարմատար
պրն. Մարչին Ռուժիցկին, Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Անդրիուս Պուլոկասին, Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Մեհդի Սոբհանին, Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ալեսսանդրո Ֆերրանտին, Եգիպտոսի Արտակարգ և լիազոր դեսպան տկն. Սերենադ Մուհամեդ Սոմիլան Գամիլին, Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վասիլիս Մարագոսին, Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Տկն. Կլաուդիա Բուշին,
Բուլղարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար պրն․ Ալեկսանդար Պատարինսկին, Բրազիլիայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ֆաբիո Վազ Պիտալուգային, Բելառուսիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Տիկին Ինեսա Կուդրուկին, Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան տկն. Նարման Մուհամմեդ Շարի Ալմուլային, Բելգիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկ Դե Մույնքին, Արգենտինայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռաֆայել Էնրիկե Գոնչալես Ալեմանին, Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Գիորգի Շարվաշիձեին, Քուվեյթի Արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆային:
«Հայտարարություն
Հարգելի՛ դեսպաններ,
Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն՝ քաղաքական և ուժային տարբեր միջոցների ու գործիքների կիրառմամբ, իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։
Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից։ ՀՀ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային և քաղաքական դաշտից», ինչը նշանակում է՝ կյանքի, ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բռնադատվել է Հայ Առաքելական եկեղեցու երկու Սրբազան հայր, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվում են շարունակական բռնարարքներ, բանտարկվում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ վարչապետի և վարած քաղաքականության նկատմամբ։
Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է՝ ժողովրդավարության անվան տակ։ Փարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է և ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին։
Տեղին ենք համարում հիշեցնել, որ 2007թ․ ապրիլի 2-ին Երևանից Գյումրի վերադառնալու ճանապարհին, մահափորձ իրականացվեց Գյումրու քաղաքապետի նկատմամբ, որի հետևանքով եղան մահացած և ծանր վիրավորված անձինք։
2025թ․ հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան ոստիկանների կողմից առգրավելու փորձը՝ ՀՀ վարչապետի կողմից արված վերջին հրահանգների սկիզբն է։
Սույնով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ ծավալվող և ակնհայտորեն զարգացման միտում ունեցող բռնաճնշումների մասին՝ Գյումրու օրինական ընտրված ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ, որ այն բաց է Գյումրու ավագանու մյուս խմբակցությունների ստորագրությունների համար։