
Ես վախեցող մարդու տպավորություն եմ թողնո՞ւմ․ Այդ հիմարությունը տարածում ստացավ․ Ռոբերտ Քոչարյան
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, հղում անելով Միքայել Սրբազանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց ՀՀ նախկին նախագահների՝ քաղաքականությունից դուրս գալու մասին, որով կմեծանա Նիկոլ Փաշինյանին հաղթելու շանսերը:
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ մյուս նախագահների անունից չի կարող խոսել, իսկ ինչ վերաբերում է իրեն, նշեց.
«Կարծում եմ ՝ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն և ինչ-որ մի զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն: Պատկերացրեք, որ 2021 թվականին ես չմասնակցեի: 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների օրինակն ունենք, մի հատ նայեք, թե ինչ արդյունքներ են եղել՝ ավելի լա՞վ խորհրդարան ունեինք, թե՞ ավելի վատ:
Բավարա՞ր են իմ մասնակցության ձայները՝ ո՛չ, բավարար չեն: Կուզենայի՞նք այլ ուժեր ստեղծվեին, որոնց հետ համագործակցությունը բերի իրավիճակի փոփոխության, այո՛, կցանկանանք: Եվ դրա մասին արտահայտվում ենք շատ պարզ և հասկանալի ձևով: Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, իմ թիմը մասնակցելու է:
Ի դեպ, երբ ասում են նախագահների մասին: Օրինակ, ռաջին նախագահը ՀԱԿ կուսակցության առաջնորդն է, հիմա եթե ՀԱԿ-ը հայտարարում է, որ մասնակցելու է ընտրություններին, Առաջին նախագահը մասնակցո՞ւմ է, թե՞ չի մասնակցում դրանով:
Կամ՝ Հանրապետական կուսակցության առաջնորդը 3-րդ նախագահն է, Հանրապետական կուսակցությունը մասնակցել է բոլոր ընտրություններին, հիմա կուսակցության մասնակցությունը նշանակո՞ւմ է առաջնորդի մասնակցություն, թե՞ չի նշանակում: Իհարկե նշանակում է, հատկապես, երբ քարոզարշավը սկսում ես դու անել: Իսկ Առաջին նախագահը հենց իր դեմքով է մասնակցել:
Հիմա ի՞նչն է ավելի լավ՝ դու չերևաս անձամբ քո դեմքով, բայց բոլոր որոշումները կայացնողը լինե՞ս, թե՞ դու հենց քո դեմքով երևաս և ասես՝ ես այս մասկիրովկան չեմ անում: Ի՞նչն է ավելի լավ: Մնալ կուսակցության ղեկավար և ասել՝ ես չեմ մասնակցում, կամ՝ կուսակցությունն ասում է, թե ինքը չի մասնակցում, բա ո՞վ է մասնակցում: Եթե կուսակցությունը մասնակցում է, ուրեմն ինքն էլ է մասնակցում»:
Ինչ վերաբերում է ընտրություններին իր դեմքով մասնակցելու մասին հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ եթե իրենց թիմում հայտնվի մեկը, որը կարող է ավելի շատ ձայներ հավաքել, ինքը միայն ուրախ կլինի:
Լրագրողը հիշեցրեց նաև «Առագաստ» սրճարանում 2001թ․ «Պրիվետ, Ռոբ» արտահայտության համար Պողոս Պողոսյանի սպանության դեպքը՝ հետաքրքրվելով՝ չի՞ վախենում, որ իրեն կազատազրկեն:
«Ես վախեցող մարդու տպավորություն եմ թողնո՞ւմ… Ես մեր տանն եմ եղել, երբ կատարվել է դեպքը: Դեպքը կատարվել է սրճարանը լքելուց մոտ 35-40 րոպե հետո, դա քրեական գործում կա, և նախագահի թիկնազորն այլևս այդ սրճարանը պահպանող օբյեկտ չէր: Ես այնտեղ չէի, առավոտյան են ինձ զեկուցել: «Պրիվետ, Ռոբ»՝ ես չեմ էլ լսել:
Հետագայում ինձ, իհարկե, զեկուցել են, որ ինչ-որ մեկի քեֆն ավելի լավ վիճակում վիճաբանություն է եղել թիկնազորից մեկի հետ, չեմ էլ ուզում այդ անունները տամ, և դրա արդյունքում ինչ-որ ռազբորկա եղավ և այդ միջադեպը եղավ: Նույնիսկ տարօրինակ է՝ ինձ ասում են՝ պրիվետ, Ռոբ…, մայրս էլ է ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան ինձ տունը Ռոբ է ասում, մանկական ընկերներս՝ ևս, ինչի ՞ պիտի դրանից նեղանամ: Չի հայհոյել, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դա աբսուրդ է, և այդ էշությունը տարածում ստացավ»,- հիշեցմանն ի պատասխան՝ մանրամասնեց Քոչարյանը և հավելեց, որ միջադեպի մասնակից թիկնազորի աշխատակիցն անմիջապես ազատվել է աշխատանքից:
Մանրամասները՝ տեսանյութում