ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձը

Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազննման ժամանակ, մեքենայի հետնամասում  նկատվել  է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն թաքստոց։  Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խորը զննման անգար։ 

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մաքսային սպասարկման և հսկողության 2-րդ բաժնի Մաքսային ծառայողների կողմից իրականացված խորը զննության արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված և հարմարեցված թաքստոցից  հայտնաբերվել են 78 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր:  

«Այսպես, քաղաքացին փորձել է ապօրինի բեռը ներմուծել Հայաստանի Հանրապետություն՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և խուսափելով առաջացող պարտավորություններից։ Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առնչությամբ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն ուղարկվել է ՊԵԿ  իրավաբանական վարչություն: 

Տեսանյութեր

Լրահոս