
Բրյուսելը պատրաստվում է փոխել կանոնները՝ հանուն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության․ Politico

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան գլխավորում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության դիմումն առաջ մղելու ջանքերը՝ չնայած Հունգարիայի դեմ արտահայտվելուն․ գրում է Politico-ն:
Հինգ դիվանագետների և պաշտոնյաների համաձայն, որոնք խոսել են Politico-ի հետ, Կոշտան աջակցություն է փնտրում ԵՄ մայրաքաղաքներից՝ նոր անդամների ընդունման գործընթացը հեշտացնելու և Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցության հեռանկարի շուրջ փակուղուց դուրս գալու համար։
Փորձ է արվում շրջանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որն օգտագործել է իր երկրի վետոն ՝ միությանն անդամակցելու Ուկրաինայի ճանապարհը խոչընդոտելու համար։ Գործող կանոնները պահանջում են, որ ԵՄ բոլոր 27 անդամ երկրները կանաչ լույս տան անդամակցության գործընթացի յուրաքանչյուր փուլի համար։
Կոշտայի առաջարկի համաձայն՝ անդամակցության ճանապարհին հիմնական իրավական քայլերը կարող են մեկնարկել ԵՄ երկրների մեծամասնության համաձայնությամբ, այլ ոչ թե միաձայն համաձայնությամբ։ Կլաստերի փակումը դեռևս կպահանջի ԵՄ բոլոր մայրաքաղաքների աջակցությունը, սակայն բանակցությունների մեկնարկի ավելի ցածր չափանիշը թույլ կտա Ուկրաինային և Մոլդովային սկսել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են որոշակի քաղաքականության ոլորտներում ԵՄ չափանիշներին հասնելու առաջընթացը ցույց տալու համար: Նրանք կարող են առաջ մղել իրենց անդամակցության հայտերը, նույնիսկ եթե մեկ կամ երկու երկիր դեմ լինի։
«Ընդլայնումը կարևոր առաջնահերթություն է Եվրոպական խորհրդի նախագահի համար։ Նա դա համարում է ամենակարևոր աշխարհաքաղաքական ներդրումը, որը ԵՄ-ը կարող է անել: Ահա թե ինչու, նա կարծում է, որ կարևոր է շարունակել քննարկել ուղիներն՝ ապահովելու համար, որ Ուկրաինայի բարեփոխումների ջանքերը կարողանան վերածվել իրական քայլերի», – նշել է պաշտոնյաներից մեկը:
«Բոլոր կլաստերները ստուգվել են ռեկորդային ժամանակում։ Ուկրաինան կատարել է իր առջև դրված խնդիրները։ Ուկրաինան պատրաստ է հաջորդ քայլին։ Այժմ անդամ պետություններից է կախված կանաչ լույս վառելը։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Եվրոպան չեն կարող թույլ տալ, որ Ուկրաինայի բարեփոխումների թափը դանդաղի։ Սա արագացնելու պահն է», – Politico-ի հետ զրույցում նշել է ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը։