
Իսպանիան արգելել է իր բազաների միջոցով Իսրայել զենք տեղափոխող ամերիկյան նավերի տարանցումը

Իսպանիան արգելել է Իսրայելի համար զենք, զինամթերք կամ ռազմական տեխնիկա տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների կամ նավերի տարանցումը Կադիսի Ռոտա և Սևիլիայի Մորոն դե լա Ֆրոնտերա բազաների միջոցով։ Այս մասին հայտնում է El País պարբերականը։
Թերթի տվյալներով՝ սա վերաբերում է ինչպես ուղիղ Իսրայել ուղևորվող նավերին, այնպես էլ նրանց, որոնք կանգառից հետո վերջնակետ են ունենալու այդ երկրում։
Ուշագրավ է, որ Իսպանիան չի ստուգում ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռները կամ նավերը, որոնք կանգ են առնում իսպանական բազաներում։
Այսինքն, Պենտագոնը կարող է թաքցնել ամերիկյան նավերի տեղափոխած բեռը, սակայն թերթի աղբյուրների տվյալներով՝ դաշնակիցների միջև հարաբերությունները հիմնված են վստահության վրա, ինչը նման քայլի դեպքում լրջորեն կխաթարվի։
Իսպանիայի իշխանությունները կոշտ դիրքորոշում են ընդունել Իսրայելի նկատմամբ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։
Ավելի վաղ Իսպանիայի նախարարների խորհուրդը հաստատել էր հրամանագիր, որը իրավաբանորեն ամրագրում է Իսրայելի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն։