
Եմենի հութիները նոր հարձակում են իրականացրել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի տարածքում երկու ռազմական գործողություն իրականացնելու մասին:
Հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ Եմենի զինված ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռով թիրախավորել են Յաֆֆա քաղաքը: Բացի այդ, երկու անօդաչու թռչող սարքեր Ումմ ալ-Ռաշրաշ (Էյլաթ) շրջանում թիրախավորել են երկու կարևոր թիրախ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Խոսնակը նշել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին՝ խուճապ առաջացնելով իսրայելցիների շրջանում։
Նա նաև ընգծել է, որ գործողություններն իրականացվել են՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։
Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին իսրայելական ուժերի կողմից մայրաքաղաք Սանային հարվածներ հասցնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներինը՝ 205-ի։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարբեր շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են լսվել։ Իսրայելական ռազմաօդային ուժերին հաջողվել է որսալ Եմենից արձակված հրթիռը։
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացնում Իսրայելի ուղղությամբ։