
Թրամփը Սպիտակ տանը Նեթանյահուի հետ կքննարկի Գազայում խաղաղություն հաստատելու հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ վերջին օրերին Արևմտյան տարբեր երկրների կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո ԱՄՆ նախագահը փորձելու է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս համաձայնություն տա Գազայում խաղաղության շուրջ առաջարկին։
Հունվարին Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Նեթանյահուի չորրորդ այցն է լինելու Սպիտակ տուն։
Թրամփը, ով տարբեր երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը քննադատել է՝ համարելով դա պարգև ՀԱՄԱՍ-ին, Reuters-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Նեթանյահուի հետ համաձայնության կգան՝ դադարեցնելու պատերազմը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակելու գերիներին։
«Մենք շատ լավ արձագանք ենք ստացել, քանի որ Բիբին [խմբ․ – Բենյամին Նեթանյահուն] ևս ցանկանում է հասնել համաձայնության։ Բոլորն են ցանկանում համաձայնության գալ»,- ասել է Թրամփը հեռախոսային հարցազրույցի ընթացքում։
Նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հորդանանի և Եգիպտոսի ղեկավարներին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ համաձայնությունը նպատակ ունի ավելի լայն առումով խաղաղություն հաստատել ողջ Մերձավոր Արևելքում։