Բաժիններ՝

Ուկրաինայի զինվորականները կարձագանքեն, եթե Հունգարիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվեն․ Զելենսկի

Ուկրաինացի զինվորականները կարձագանքեն, եթե Հունգարիայի հետ սահմանի մոտ կրկին անօդաչու թռչող սարքեր գրանցվեն, երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։

Նա հիշեցրել է, որ հետախուզական անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ուկրաինայի և Հունգարիայի սահմանին։

«Ես հանձնարարել եմ զինվորականներին լիարժեք ստուգում անցկացնել և հաջորդ անգամ, եթե նման դրոններ կրկին լինեն, համապատասխանաբար արձագանքել՝ ի շահ մեր պետության պաշտպանության», – նշել է Զելենսկին։

Նա հիշեցրել է, որ ուկրաինացիները «հիմա լավագույնն են Եվրոպայում ցանկացած դրոններից պաշտպանվելու հարցում և Ուկրաինան պատրաստ է կիսվել իր փորձով այլ երկրների հետ, որոնք անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներից հուսալի պաշտպանության կարիք ունեն»։

Այդ հարցի շուրջ, նրա խոսքով, այժմ բանակցություններ են ընթանում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տասնյակ երկրների հետ։ Կիևը Վաշինգտոնին է առաջարկել ամենահեռանկարային համաձայնագրերից մեկը։

Ուկրաինայի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Դանիայում, Նորվեգիայում և Բալթյան երկրներում մշտապես ռուսական դրոնների հետ կապված միջադեպեր են տեղի ունենում։

«Հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը կարող է լցանավեր օգտագործել այս և նմանատիպ անօդաչու թռչող սարքեր արձակելու համար՝ որպես դրանց մեկնարկային հարթակներ և կառավարման կետեր։ Դա կանխելը հեշտ չէ, բայց հնարավոր է և մենք պետք է սովորենք, թե ինչպես դա անել և մենք պետք է զարգացնենք անհրաժեշտ հնարավորությունները», – ասել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս