
ԵՄ տնտեսությունը կլճանա առանց միգրանտների. Իսպանիայի վարչապետ

Եվրամիության տնտեսությունը լճացման կենթարկվի, եթե Միության երկրները չընդունեն միգրանտների: Այդ կարծիքը հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Bloomberg TV-ին տված հարցազրույցում:
«Եթե հրաժարվենք այն ավանդից, որը միգրանտները ներդնում են տնտեսության մեջ, ապա ԵՄ-ն առաջիկա տարիներին պարզապես կսկսի լճանալ: Մենք աճի համար հնարավորություն չենք ունենա», – ասել է նա՝ պատասխանելով Իսպանիայում աջակողմյան կուսակցությունների ժողովրդականության մասին հարցին, որոնք պահանջում են հակամիգրացիոն քաղաքականություն:
Իսպանիայի վարչապետի խոսքով՝ այդ կուսակցությունների ներկայացուցիչները չեն առաջարկում գործազրկության և վատթարացող ժողովրդագրական իրավիճակի դեմ պայքարի միջոց: Նա նշել է, որ տնտեսական որոշ առանցքային հատվածներում, ինչպիսիք են շինարարությունը, ագրոարդյունաբերությունը, սոցիալական ապահովության համակարգը և զբոսաշրջության ոլորտը, աշխատողների թվում միգրանտների բաժինը կազմում է մինչև 20-30%:
Ըստ Սանչեսի՝ միգրանտների հիմնական զանգվածն Իսպանիա է ժամանում Լատինական Ամերիկայի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից:
Հուլիսի 16-ին Իսպանիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունիես Ֆեյխոոն հանդես է եկել անօրինական միգրանտներին երկրից անհապաղ արտաքսելու օգտին, որոնք խախտում են օրենքները:
Ավելի վաղ Իսպանիայի ծայրահեղ աջ «Վոքս» կուսակցությունը հադես է եկել երկրից միգրանտների արտաքսման օգտին, որոնք խախտում են օրենքները կամ «օտարերկրյա կրոն» պարտադրում: Իր հերթին Սանչեսը հայտարարել է, որ ռասիզմն անհամատեղելի է ժողովրդավարության հետ, և որ Իսպանիան իրավունքների, այլ ոչ թե ատելության երկիր է