
Ուիթքոֆը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ երկխոսությունը շարունակվում է

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է երկխոսությունը Իրանի հետ՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի հնարավոր վերսկսման պայմաններում։
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Մենք խոսում ենք բոլորի հետ, ինչպես և պետք է լինի։ Այսպիսին է մեր աշխատանքը՝ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով»,-Նյու Յորքում կայացած «Կոնկորդիա» գագաթնաժողովի ժամանակ ասել է նա։
Ուիթքոֆը հավելել է, որ ԱՄՆ-ն կցանկանար մշտական լուծում գտնել և համաձայնության գալ պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ, իսկ եթե չկարողանան, ապա պատժամիջոցները կմնան այնպիսին, ինչպիսին պետք է լինեն։«Սա ճիշտ դեղամիջոց է այն բանի դեմ, ինչ տեղի է ունենում», – ընդգծել է հատուկ բանագնացը։
Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում վնաս պատճառել իրանցիներին, սակայն Իրանը դժվարին վիճակում է, քանի որ «եվրաեռյակը» (խմբ. Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) օգոստոսի 28-ին նախաձեռնել է պատժամիջոցների վերսկսման մեխանիզմի գործարկումը՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին համապատասխան։