
Քանաքեռ–Զեյթունում գերեզմանների մոտ գնացքի գծերի տարածքում գտել են մարդկային մարմնի մնացորդներ, այդ թվում՝ 2 գանգ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում հայտնաբերվել է մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ դատաբժիշկները պետք է պարզեն՝ հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները կնո՞ջ, տղամարդո՞ւ, թե՞ երեխայի են պատկանում: