Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել, բանավեճը կարող ենք «Երևան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի. Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից սկսել է անդրադառնալ ՀՀ նախկին նախագահներին՝ այս անգամ էլ նրանց անուններով չնշելով։

«ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ–ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթեները վայելելու։

Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։

Լսեք, եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996–ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրեն հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս։

Իսկ չէր ընտրում, որովհետեւ ի հեճուկս ձեր կողմից վճարվող իբր վերլուծաբանների, «ժողովրդական ու վաստակավոր» արտիստների, Հայաստանի սնուցող մայրերը եւ նրանց ետեւում լուռ ու խոհուն կանգնած նահապետ հայրերը հասկանում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։

Ու հիմա մեռնում եք տեսնելով, որ այո հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է։ Մեռնում եք բառիս բուն իմաստով, օրը երեք անգամ։ Մի հատ առավոտ, մի հատ կեսօրին ու մի հատ էլ մութն ընկնելուն պես։

Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ։ Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գեւորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երեւան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,– նշել է Փաշինյանը։

Վաղ առավոտյան նա ևս մեկ գրառում էր ձոնել ՀՀ նախկին նախագահներին՝ գրելով.

«ՏՊԼ–ն, ՍՔ–ն եւ ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։

ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։

Ընդ որում, նրանք ոչ ձեր զավակներն էին, ոչ ձեր թոռները։ Բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ։ Պատասխանեք, թե էդ նույն ժամանակ ձեր զավակները ու՞ր էին եւ ինչով էին զբաղվում։

ՏՊԼ–ն, որ 2008թ․ Մարտի 1–ին Կտրիճ Ներսիսյանին թողել է իր տան դարպասների դիմաց, հողամասի դարպասից ներս չի թողել, հիմա Կտրիճ Ներսիսյան է պաշտպանում։ Մի հատ արագ ներողություն խնդրի մեծն Կտրիճից 2008–ի մարտի մեկին նրան շան բնի մոտից առաջ չթողնելու համար։

Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե չէ, ուժեղ տղերք՝ վոին, մոզգ եւ ֆուլհաուս․․․»։

Ավելի ուշ Փաշինյանը ևս մեկ գրառում է արել նույն թեմայի վերաբերյալ՝ գրելով. «ՏՊԼ–ին ո՞վ եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
Այս հարցին թող պատասխանի եւ մեկ էլ պարզաբանի, ի վերջո բանավեճի գալո՞ւ է, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս