
Տանկի երբեմնի հրամանատար Գագիկ Ավշարյանը մահացել է ու գնացել միացել է իր անձնակազմի 2 անդամներին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տարիներ շարունակ Արցախ գնացող մարդկանց Շուշիի հատվածում դիմավորում էր Շուշի ազատագրման ժամանակ առաջինը մուտք գործած հաղթական տանկը, որը պատերազմից հետո որպես հաղթանակի խորհրդանիշ` հուշարձանի կարգավիճակով, մոտակա բարձունքում էր տեղակայված:
Երեկ իմացա, որ տանկի երբեմնի հրամանատար Գագիկ Ավշարյանը մահացել է ու գնացել միացել է իր անձնակազմի 2 անդամներին, որոնք դեռ Շուշիի ազատագրման ժամանակ էին նահատակվել:
Երկար ժամանակ մտածում էի, թե 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թվականի Արցախի օկուպացիայից հետո ինչ էմոցիոնալ ու ողբերգական ապրումներ է ունեցել մարդը, ով հայրենիքի համար կարևոր պահին իր եղբայրների հետ կամավորագրվել էր հայրենիքի ազատագրության սուրբ գործին, իսկ հետո տեսել է իր ակտիվ մասնակցությամբ ազատագրված Շուշիի անկումը, Արցախի ադրբեջանացումն ու երբեմնի հավատարիմ տանկի ապամոնտաժումը:
Գնդապետ Գագիկ Ավշարյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր էր` հայրենիքի նվիրյալ, որի սխրանքների մասին սերունդները հիշելու և վստահ եմ` նաև կրկնելու են:
Հավերժ փառք Շուշիի հաղթական Տ-72 տանկի անձնակազմին` Գագիկ Ավշարյանին, նշանառու-օպերատոր Շահեն Սարգսյանին, վարորդ-մեխանիկ Աշոտ Ավանեսյանին և հայրենիքի պաշպանության համար նահատակված բոլոր նվիրյալներին»: