
Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը:
Այս մասին հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։
«Այսօր մենք կարող ենք հավաստել, որ հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Խոսքը 19-րդ փաթեթի մասին է։ ԵՀ նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգա (ԵՄ արտաքին գործերի) բարձր ներկայացուցիչ տիկին Կայա Կալասի հետ միասին՝ հայտարարելու պատժամիջոցների այս 19-րդ փաթեթի մասին», – ճեպազրույցի ժամանակ Պինյուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Այնուհետև ԵՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ գրաֆիկի պատճառով ֆոն դեր Լայենը և Կալասը չեն կարողանա իրենց հայտարարություններն անել անմիջապես լրագրողների առջև։
«Ես հաստատում եմ, որ նախագահ ֆոն դեր Լայենի ձայնագրված հայտարարությունը կլինի Ebs ալիքով։ Իսկապես, հարցեր տալն անհնար կլինի», – ասել է Պինյուն։
Ինչ վերաբերում է Կալասի հայտարարությանը, պաշտոնյան չի նշել՝ արդյոք դա լինելու է տեսանյութ թե գրավոր փաստաթուղթ։ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցառումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկը, որը հաստատվել է սեպտեմբերի 19-ին, պետք է միաձայն քվեարկությամբ հաստատվի ԵՄ խորհրդի կողմից։