
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառի Չինաստանի նկատմամբ ռուսական նավթ գնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարելի ակնկալել, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ ռուսական նավթ գնելու համար, քանի դեռ Եվրոպան է այն գնում։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Եթե Եվրոպան ինչ-որ բան ձեռնարկեր Չինաստանի առումով, կարծում եմ՝ Չինաստանը, հավանաբար, ջանքեր կգործադրեր հակամարտությունը դադարեցնելու համար», – ասել է Թրամփը։
«Անընդունելի է, որ Եվրոպան նավթ գնի Ռուսաստանից և ակնկալի, որ ես կվրդովվեմ, որ Չինաստանը նավթ է գնում Ռուսաստանից», – ասել է Թրամփը։
Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի դաշնակիցների, այդ թվում՝ եվրոպական դաշնակիցների կողմից Չինաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են ազդել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա, քանի որ Չինաստանը «ռուսական նավթի ամենամեծ գնորդն է»։ Նա հավելել է, որ կարծում է, որ Պեկինն «ունի այլ» ազդեցության լծակներ Մոսկվայի վրա։
ԱՄՆ առաջնորդը Եվրոպայի կողմից ռուսական նավթի գնումների հետ կապված իրավիճակը որակել է «ոչ իդեալական»։
«Նրանք դա արել են անաղմուկ և նենգաբար», – շարունակել է նա։ «Եթե ուզում եք հաղթել, մի՛ գնեք նավթ Ռուսաստանից։ Կտեսնենք, թե դա ուր կտանի ձեզ», – եզրափակել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայն է իր հայտարարությունների հետ՝ Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցների կողմից ռուսական նավթի գնումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետի Չեքերս ամառանոցում Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ պատրաստ չէ նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ, քանի դեռ եվրոպական երկրները շարունակում են նավթ գնել Ռուսաստանից։