
Թրամփը գոնե պատկերավոր իմաստով առաջնորդվում է հայտնի տրամաբանությամբ՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրեց հրամանագիրը, որով Պենտագոնը վերանվանվեց պատերազմի նախարարություն:
Թրամփը գոնե պատկերավոր իմաստով առաջնորդվում է հայտնի տրամաբանությամբ՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվիր պատերազմի:
Եթե լուրջ, ապա, իրապե՞ս այս վերանվանումը նշանակում է պատերազմի պատրաստություն, թե՞ սա պարզապես ինչ որ քարոզչական հնարքներ են, որ փորձում է կիրառել Թրամփը:
Ավելի հակված եմ երկրորդ տարբերակին: Իհարկե սա չի նշանակում, որ մենք այսպես ասած լոկ թատրոնի ականատես ենք: Կարծում եմ, որ քարոզչական տրամաբանությունը պայմանավորված է ավելի լայն նկատառումներով: Ըստ իս, Թրամփը փորձում է ամերիկյան հանրությանը բերել ընկալումների վերափոխման:
Անցնող տասնամյակների ընթացքում ամերիկյան հանրության հոգեբանությունը կատարելապես վերածվել է սպառողականի: ԱՄՆ հասարակությունը սպառողական հասարակության համաշխարհային ֆլագման է՝ դրոշակակիր: Եթե այդ հանգամանքը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես 60-ականներից մինչեւ 80-ականների դարձավ ամերիկյան տնտեսության տաքացման եւ առաջընթացի առանցքային գործոն, ներկայումս սպառողական հասարակության հոգեբանությունը ԱՄՆ-ում վերածվել է թերեւս կոնցեպտուալ խնդիրների մի ամբողջ շարքի այսպես ասած հիմնական կատալիզատորներից մեկի:
Թրամփն ու նրա թիմն ըստ ամենայնի դրել են ամերիկյան հանրությանը որոշակի «ապասպառողացման» ենթարկելու խնդիր, եւ պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության վերածելու քայլի նպատակներից, նկատառումներից հիմնականներից մեկը թերեւս դա է: Սա իհարկե ենթադրելու է ոչ այսպես ասած մեկանգամյա ակտ: Անշուշտ, այդ նպատակը կենթադրի թերեւս քարոզչության դաշտում Թրամփի թիմի այլ գործողություններ եւս, բայց իհարկե շատ փափուկ ռեժիմով, որովհետեւ 350 միլիոնանոց ամերիկյան սպառողական հանրության հոգեբանություն եւ մտածծողական ուղենիշներ փոխելը անշուշտ շատ ու շատ բարդ գործ է»: