Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից․ ՌԴ փոխվարչապետ

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին»,-ասել է Օվերչուկը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հռչակագիրը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, վերջ դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա աշնանային պատերազմին և ճանապարհ բացեց տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հռչակագրի 9-րդ կետն ուղղակիորեն նախատեսում է այդ երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը լուծելու և նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն։

«Մենք դրան աջակցում ենք։ Ինչու՞։ Քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջեւ նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար եւ օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,-հայտարարել է Օվերչուկը։

«Նրանք փակ սահման ունեն Թուրքիայի հետ, փակ սահման ունեն Ադրբեջանի հետ, բաց սահման ունեն Իրանի հետ, սակայն ճանապարհային ենթակառուցվածքները հնացած են և կարիք ունեն արդիականացման, ինչը ազդում է լոգիստիկայի վրա։

Արտաքին աշխարհ միակ հարմար ելքը Վրաստանով է, որտեղ Ռուսաստանի հետ կապը իրականացվում է մեկ ավտոմոբիլային անցակետի միջոցով, որը կախված է եղանակային պայմաններից։

Շատ կարևոր է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հնարավորություն ունենա բնականոն զարգանալու և նորմալ տրանսպորտային ու լոգիստիկ կապեր ունենալու իր հարևանների, այդ թվում՝ մեր երկրի հետ»,-նշել է Օվերչուկը։

Ճանապարհների ապաշրջափակման գործընթացը նույնպես շատ կարևոր է Ադրբեջանի համար, հավելեց նա։

«Ադրբեջանը ձգտում է վերականգնել այն տրանսպորտային երթուղին, որը կապահովի Նախիջևանի հետ ամենակարճ և ամենահարմար կապը։ Խորհրդային տարիներին Արաքս գետի ափով երկաթուղի կար, որը ապամոնտաժվեց։ Այնտեղ նաև ճանապարհ կար, որից մարդիկ օգտվում էին։ Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է օգուտներ ստանալ իր աշխարհագրական դիրքից՝ իրեն վերածելով տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի, որը նշանակություն կունենա ողջ Եվրասիայի համար։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է բարելավել իր տրանսպորտային կապերը Թուրքիայի հետ»,-ասել է նա։

Փոխվարչապետը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին Թուրքիան սկսել է Կարսից մինչև Նախիջևանի հետ սահմանը ձգվող նոր երկաթուղու կառուցումը, որը կապահովի երկրների միջև ամենակարճ երկաթուղային կապը։

Տեսանյութեր

Լրահոս