Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում մարդկանց պատրաստում են Հայաստանում բնակության: Լրացված. #CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել որևէ թարմ աղբյուր, որը կհաստատեր այս պնդումը

Արման Թաթոյանը գրում է. «Ադրբեջանում մարդկանց արդեն պատրաստում են Հայաստանում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը

Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է։

Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը։

Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների` օրական 250-300 հոգի մոտենում են «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության գրասենյակ և ցանկություն հայտնում կամավոր գրանցվել։

Առավել վտանգն այն է, որ գրանցում են, ոչ միայն 1988-1991 թթ. Հայաստանից գնացածներին, այլ նաև դրանից առաջ «տեղահանվածների» ժառանգներին։

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում կա իշխանություն, որը քաղաքական իշխանության մնալը պետակակ շահերից վեր է դասում, քանի դեռ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Կից այդպիսի վկայականներից ևս մեկը»։

ԼՐԱՑՈՒՄ.

CivilNetCheck-ին չի հաջողվել գտնել որևէ թարմ աղբյուր, որը կհաստատեր այս պնդումը, գրում է Civilnet-ը Նշվում է.

«Այն, որ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում՝ նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունից հետո, հաստատվում է վերջին ամսվա ընթացքում «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների ելույթներով։ Դրանցում շարունակում են պնդել՝ ««արևմտյան ադրբեջանցիներին» իրենց «բնօրրան»՝ Հայաստանի ներկայիս տարածք, վերադարձնելու իրավունքը»։

Համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին, օրինակ, սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ նախաձեռնությունը շարունակվում է և հետապնդում է նույն նպատակները:

Միաժամանակ, #CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել որևէ թարմ պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուր, որը կհաստատեր Արման Թաթոյանի պնդումը, թե Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են՝ Հայաստան բնակության գալու համար 100,000-ից ավելի «արևմտյան ադրբեջանցիների» գրանցման ավարտի մասին։ Նման հայտարարություն եղել էր ավելի քան երկու տարի առաջ՝ 2023-ի հունվարին, երբ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մամուլի խոսնակը նշել էր. «Մեր՝ արևմտյան ադրբեջանցիների համայնքի ավելի քան 100,000 հայրենակիցների ցուցակ է կազմվել, և գործընթացը շարունակվում է»։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Արման Թաթոյանի գրասենյակի հետ՝ խնդրելով տրամադրել վերջին շրջանում հնչեցված նման պաշտոնական հայտարարության աղբյուր։

Գրասենյակից ուղարկեցին նույն՝ 2023-ի հունվարի մամուլի խոսնակի հայտարարության հղումը։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հասարակական կազմակերպություն է և ակնհայտորեն աջակցություն է վայելում Ադրբեջանի նախագահի ու իշխանությունների կողմից, սակայն պետական մարմին չէ և չունի նման լիազորություններ»: «Տարածվող վկայականները պետական ID-ներ չեն, այլ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության փաստաթղթեր»,- նշում է Civilnet-ը:

Ընդգծվում է. «Հայ հանրության շրջանում հատկապես մեծ տարածում ու անհանգստություններ են առաջացրել ID քարտերը։ Նախկին ՄԻՊ-ը գրել է, որ դրանք տրամադրում են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ որպես ապագա անձնագրեր։ Այնումենայնիվ, մինչ օրս ադրբեջանական պետական մարմինները ID-ներ (նույնականացման քարտեր) չեն տրամադրել, որտեղ ծագման վայրը նշված է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։

Թաթոյանի՝ գրառմանը կցված լուսանկարում ոչ թե պետության կողմից տրամադրված փաստաթուղթ է, այլ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից տրվող վկայական՝ որպես համայնքի անդամության թուղթ:

Դրա մասին գրված է նաև կցված քարտին՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք. անդամակցության վկայական» (ադրբեջաներեն՝ Qərbi Azərbaycan İcması üzvlük vəsiqəsı)։

Սոցցանցերում, օրինակ, կա հրապարակում, որտեղ ադրբեջանցի օգտատերերից մեկը կցել է իր անդամակցության վկայականը՝ նշելով, որ դարձել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» անդամ։

Արման Թաթոյանը հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, մեկ այլ գրառում է արել, որում հստակեցրել է, որ ID քարտերը տրամադրում է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող կազմակերպությունը։ «Երբ ասում եմ, որ ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արևմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, ևս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից»,- պարզաբանել է նա»:

Տեսանյութեր

Լրահոս