Բաժիններ՝

Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը գիտության և մարդու իրավունքների խաչմերուկում գտնվող խնդիր է. Մաքսիմ Լոնգանգե

Օվիեդոյի կոնվենցիան միջազգային ամենանշանակալից փաստաթղթերից մեկն է կենսաբժշկության ոլորտում, ուստի շատ կարևոր է, որ ՀՀ Ազգային ժողովն ընթացիկ տարվա գարնանը միաձայն վավերացրեց այդ կոնվենցիան, ինչը մեծ ձեռքբերում է Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության շրջանակում։

Այդ կարծիքը ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված արտագնա սեմինարի ժամանակ հայտնեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ 2024 թվականի մայիսին Հայաստանի կողմից նաև Ստրասբուրգում ստորագրվեց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է «Օվիեդոյի կոնվենցիա» վերտառությամբ և հանդիսանում է կենսաբժշկության ոլորտում միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթը:

Հայաստանն, այդպիսով, դարձավ կոնվենցիային միացած 31-րդ երկիրը։ Կոնվենցիան կոչված է պաշտպանելու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները առողջապահության, բժշկական հետազոտությունների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման և բժշկական գենետիկայի ոլորտում:

«Հայաստանը հստակ հանձնառություն է ստանձնել՝ պաշտպանելու մարդու իրավունքները կենսաբժշկության և առողջապահության ոլորտում։ Հատկապես շնորհակալ ենք ՀՀ առողջապահության նախարարությանը Եվրոպայի խորհրդի հետ գերազանց համագործակցության համար։ Տվյալ գերատեսչությունն, անշուշտ, առաջատար դերակատարում ունի այս ոլորտում, քանի որ կոնվենցիայի վավերացման համար համապատասխան հիմք ստեղծեց՝ օրենսդրությունը համապատասխանեցնելով կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին»,-ասաց Լոնգանգեն։

Նրա կարծիքով՝ նման սեմինարներն ու միջոցառումները կարող են նպաստել Օվիեդոյի կոնվենցիայի արդյունավետ կիրառմանը, միանշանակ կխթանեն երկխոսությունն ու իրավունքահեն որոշումների կայացումն առողջապահության ոլորտում։

«Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը գիտության և մարդու իրավունքների խաչմերուկում գտնվող խնդիր է, այս ոլորտում բժշկության առաջընթացը կյանքեր է փրկում, միևնույն ժամանակ առաջ բերելով բարդ հարցեր՝ կապված մարդու արժանապատվության, ինքնության և իրավունքների պաշտպանության հետ։ Այդ առումով կան հստակ ուղենիշեր և երաշխիքներ։ Օրգաններ տվող և ստացող կողմերը պետք է անկաշկանդ ու ազատ լինեն՝ գալով գրավոր կամ պաշտոնական մարմնի ներկայությամբ ամրագրված համաձայնության։ Այդ առումով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ մշակել է հատուկ ընթացակարգ՝ տեղեկացնելով օրգանների և հյուսվածքների նվիրատվության կարևորության մասին»,-ասաց ՀՀ-ում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավարը։

Անդրադառնալով իրազեկվածության խնդրին՝ նա շեշտեց, որ լրատվամիջոցները կարևոր կամուրջ են ստեղծում քաղաքականություն մշակողների և հասարակության միջև, ձևավորում տարբեր կարծիքներ և ընկալումներ։ Ըստ նրա՝ տվյալ ոլորտում, որտեղ կան էթիկական կարևոր և զգայուն գործոններ, իրազեկված և պատասխանատու հաղորդակցությունը շատ կարևոր է։

«Հետյասու ևս պետք է բարձրացնենք իրազեկվածության մակարդակը, խթանենք երկխոսությունը, նպաստենք առողջության վերաբերյալ գրագիտության մակարդակի բարձրացմանը։ Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը ժամանակակից բժշկության մեծ նվաճումներից է, սակայն այդ հաջողություններն իրենց հետ միևնույն ժամանակ բերում են լրջագույն պատասխանատվություն։ Օվիեդոյի կոնվենցիան իրավական, խորհրդատվական կողմնացույց է, որը մեզ հիշեցնում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն անխուսափելի հանգամանք է։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը տվյալ կոնվենցիայի արդյունավետ կիրառման գործում»,-եզրափակեց Լոնգանգեն։

Սեմինարի մասնակիցներին առցանց միացած Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի պետ Լորանս Լվոֆֆը նույնպես փաստեց, որ ՀՀ օրենսդրությունը հիմնականում համընկնում է կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին։

«Օվիեդոյի կոնվենցիան վավերացնելուց հետո լիահույս ենք, որ Հայաստանի հաջորդ քայլը կլինի մարդկային ծագում ունեցող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին լրացուցիչ արձանագրության վավերացումը։ Հայաստանի օրենսդրության վերլուծությունից հետո եկել ենք այն եզրահանգման, որ անհամապատասխանություն չկա վերոհիշյալ կոնվենցիայի և Հայաստանի օրենքների միջև։

Ընդհանուր առմամբ՝ կոնվենցիայի ստորագրումը նշանակում է դրա տեքստում առկա արժեքների ընդունում, ուստի մեկնարկելով որոշակի գործընթաց՝ պետությունը պետք է ապահովի դրական արդյունքներ։ Հայաստանի պարագայում խնդիրներ չկան, պարզապես պետք է դիտարկվի կոնվենցիայի կիրառումը»,-ասաց Լվոֆֆը։Նա հավելեց, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժումբը կոնկրետ միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակելու է ուղեկցել Հայաստանին վերոհիշյալ փաստաթղթի կարևոր սկզբունքների կիրառման գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս