Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հարվածներին, որոնք զոհերի և վիրավորների պատճառ են դարձել Ուկրաինայում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերվա հարձակման ժամանակ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ ևս 49։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Զելենսկիի խոսքով՝ հունիսի 6-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել «գրեթե ամբողջ Ուկրաինայի տարածքին»։
Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։
«Ընդհանուր առմամբ, այսօր հարվածի մեջ ներգրավված են եղել ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներ։
Վիրավորվել է 49 մարդ։ Ցավոք, թիվը կարող է աճել. մարդիկ օգնություն են խնդրում։ Այս պահի դրությամբ հայտնի է 3 զոհի մասին։ Նրանք Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են։ Իմ անկեղծ ցավակցությունները ընտանիքներին», – նշել է Զելենսկին։
Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինան աշխարհի հետ միասին շատ բան է արել իրեն պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ հիմա այն պահն է, երբ Ամերիկան, Եվրոպան և «աշխարհի բոլոր բնակիչները» կարող են դուրս գալ պատերազմից՝ «ճնշում գործադրելով» Ռուսաստանի վրա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի խոսնակ Յուրի Իգնատն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 407 անօդաչու թռչող սարքերով և 44 հրթիռներով։ Նա նշել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել մինչև 30 հրթիռ և մինչև 200 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում գտնվող թիրախներին հարվածները հասցվել են՝ ի պատասխան Կիևի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ գիշերը երկրի տասից ավելի մարզերում խոցվել է ուկրաինական 174 անօդաչու, իսկ Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է երեք «Նեպտուն» կառավարվող հրթիռ։



