Անհրաժեշտ է ամեն կերպ դիմակայել Մեծ հաղթանակի պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու փորձերին. Ալեն Սիմոնյան

Անհրաժեշտ է ամեն կերպ դիմակայել Մեծ հաղթանակի պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու փորձերին։ Այս մասին Երևանում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 39-րդ նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պատերազմում տարած հաղթանակը երկու երկրների հարաբերություններում միավորող կարևոր արժեքներից մեկն է: Նա նծշեց, որ սա ընդհանուր պատմության փառահեղ էջերից մեկն է, որտեղ դրսևորվել են Խորհրդային Միության ժողովուրդների լավագույն որակները: Ժողովուրդները հերոսություն և անձնազոհություն են ցուցաբերել ընդհանուր հաղթանակի հասնելու համար։

«Այսօր մեր բոլորի պարտքն է պահպանել այդ հիշողությունը՝ փոխանցելով այն սերունդներին, դիմակայել խեղաթյուրման փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը»,– հավելեց ՀՀ ԱԺ նախագահը:

Սիմոնյանն ընդգծեց՝ այսօրվա նիստը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Նշեց՝ Հայաստանն ու Ռուսաստանը, երկու ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամությունը։

Միջխորհրդարանական հանձնաժողովը, Ալեն Սիմոնյանի խոսքով, իրեն դրսևորել է որպես արդյունավետ հարթակ բաց և արդյունավետ երկխոսության համար: Սիմոնյանն ակնկալում է մտքերի արդյունավետ փոխանակում՝ վստահ լինելով, որ այս ձևաչափը կնպաստի ավանդական բարեկամության և համագործակցության խորացմանը:

Հավելենք, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30