
Օշականում 4-ամյա երեխան ընկել է Քասախ գետը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատվածում որոնողական աշխատանքներ են կատարել։
Ցավոք, ժամը 20:15-ի սահմաններում երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության փրկարարները հայտնաբերել են երեխային, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ցավոք, չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. պարզվել է, որ նա ջրահեղձ է եղել ու բժիշկներն արձանագրել են մահը։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, երեխան Արագածոտնի մարզի բնակիչ 4-ամյա Ն. Հ.-ն է։