«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին, և հարմար բացեր են փնտրում՝ մեզ հասնելու համար». Ալիևը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ այսօր Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ հանդես է եկել ելույթով, հայտարարել է, թե Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է։

«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին, և հարմար բացեր են փնտրում՝ մեզ հասնելու համար: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», – ասել է նա:

Հիշեցնենք, որ սա Բաքվի կողմից նման առաջին հայտարարությունը չէ։ Ավելի վաղ եվրոպացի դիտորդների գործունեությունը Ալիևն անվանել էր «հեռադիտակային դիվանագիտություն»։

Սակայն Եվրամիության առաքելության ղեկավար Մարկոսը Ռիտերն առաքելության գործունեության 2-ամյակի ժամանակ հայտարարել էր, որ իրենց գործունեությունը թափանցիկ է և լրտեսություն չեն իրականացնում:

ԵՄ 100 դիտորդներ Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Տեսանյութեր

Լրահոս