
Ժապարովը և Ռահմոնը կստորագրեն Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի մասին համաձայնագիրը

Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը մտադիր են Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրել սահմանի շուրջ համաձայնագիրը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Մուրատբեկ Ազիմբակիևը։
«Նախատեսվում են Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի համատեղ հայտարարության ընդունում, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին համաձայնագրի և երկկողմ այլ փաստաթղթերի ստորագրում», – ասել է նա՝ մեկնաբանելով մարտի 12-13-ին Տաջիկստանի նախագահի պետական այցը Բիշքեկ։
Ազիմբակիևի խոսքով՝ այցի շրջանակներում Տաջիկստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուռլանբեկ Թուրգունբեկի և Նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևի հետ։
Փետրվարի 21-ին Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտոնյաները Բիշքեկում ստորագրել են սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման մասին արձանագրությունը։