
Կանայք կազմում են Թուրքիայի բնակչության գրեթե կեսը

Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած «Կանայք վիճակագրության մեջ, 2024» զեկույցի՝Թուրքիայի բնակչության 49.98%-ը կազմում են կանայք, իսկ 50.02%-ը՝ տղամարդիկ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանանց թիվը գրանցվել է 42 մլն 811.834, իսկ տղամարդկանց թիվը՝ 42 մլն 853.110: Տարիքի աճին զուգընթաց՝ բնակչության մեջ կանանց հարաբերակցությունն աճում է՝ 90 և բարձր տարիքային խմբում հասնելով 69.1%-ի:
Կրթական տվյալները ցույց են տալիս տարիների ընթացքում կրթության առնվազն մեկ մակարդակ ավարտած կանանց տոկոսի զգալի աճ: 2008 թվականին 25 և բարձր տարիքի կանանց 67.5%-ն ավարտել էր կրթության առնվազն մեկ մակարդակ, իսկ 2023 թվականին այս ցուցանիշը հասել է 87.8%-ի: Բարձրագույն կրթություն ունեցող կանանց համամասնությունը հասել է 22.7%-ի, իսկ տղամարդկանց դեպքում՝ 26.2%-ի:
Պարզվել է, որ կանանց մասնակցությունն աշխատաշուկայում աճում է կրթության մակարդակի բարձրացմանը զուգընթաց: 2023 թվականին 15 և բարձր տարիքի կանանց աշխատուժի մասնակցության մակարդակը կազմել է 35.8%, մինչդեռ տղամարդկանց դեպքում այն կազմել է 71.2%: Հատկանշական է, որ բարձրագույն կրթություն ունեցող կանանց աշխատուժի մասնակցության ցուցանիշը հասել է 68.9%-ի:
Այնուամենայնիվ, կանանց զբաղվածության մակարդակը մնացել է զգալիորեն ցածր՝ 31.3%, ինչը կազմում է տղամարդկանց զբաղվածության մակարդակի կեսից էլ պակաս:
Ընդհանուր առմամբ, չնայած Թուրքիայում կանանց կրթության և աշխատուժի մասնակցության ցուցանիշների առաջընթացին, տղամարդկանց և կանանց միջև զգալի անհավասարություն դեռևս պահպանվում է: