
Հրվ. Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման հարցում nւժային տարբերակն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման հարցում ուժային տարբերակն անընդունելի է. այս հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է. այս մասին «Վերելք» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան ասել է ՌԴ ԱԳՆ-ն:
Գերատեսչությունը մեկնաբանել է հնդկական ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար: Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ այդ մասին ասված է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերում:
«Մեր դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ պրոֆիլային Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը:
Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում:
Ինչ վերաբերում է հնդկական լրատվամիջոցներին հղումով Ձեր հարցում նշված «ծրագրին», ապա մենք դա համարում ենք Կիևի վարչակարգի կործանարար գործողությունների հերթական դրսևորումը, որը նման կեղծ լուրերի միջոցով փորձում է արհեստականորեն դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար Անդրկովկասում մեր հարևանների հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ շեղել օտարերկրյա հանրության ուշադրությունը ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի իրական խնդիրներից», – ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխանում։