![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը հայտնել է Պուտինի հետ ունեցած շփումների մասին. Պեսկովը դա չի հերքել և չի հաստատել
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/peskov.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումներ եղել են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ բազմաթիվ փոխադարձ կապեր են եղել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, որոնցից մի քանիսից ինքը, գուցե, տեղյակ չէ։
Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողներին հայտնել է, որ հարմար պահի հանդիպում կունենա իր ռուս գործընկերոջ հետ։ «Կարծում եմ՝ Պուտինի հետ կհանդիպեմ դրա համար հարմար պահի», – ասել է նա։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ պատասխանելով հարցերին՝ Թրամփը հայտնել է, որ շփումներ է ունեցել Պուտինի հետ:
«Դրանք եղել են», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ նախագահը կրկին չի մեկնաբանել այդ շփումների բովանդակությունը։ Նա նաև չի հստակեցրել, թե որքան հաճախ և երբ են եղել այդ շփումները։
«Մենք առաջընթաց ենք տեսնում», – հավելել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման փորձերի մասին։
Ուշագրավ է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։
«Քանի որ Վաշինգտոնի վարչակազմն իր աշխատանքն է ծավալում, բազմաթիվ տարբեր փոխադարձ կապեր են երևան գալիս, և այդ կապերն իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ կապերի մեծ քանակության ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել: Ուստի այս դեպքում չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել դա», – ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը:
Այն, որ Թրամփը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերի շուրջ, ավելի վաղ հաղորդել էր The New York Post թերթը։