Սիրիայի նախագահը խոստացել է վերահսկողության տակ վերցնել երկրի բոլոր տարածքները
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան, իր առաջին ելույթում հայտարարել է անցումային կառավարության ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև խոստացել է վերահսկողության տակ վերցնել երկրի ողջ տարածքը, այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
«Առաջիկա ժամանակաշրջանում մենք կկենտրոնանանք մի շարք առաջնահերթ խնդիրների լուծման վրա, ներառյալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի ավարտը` մեկ հողի վրա մեկ իշխանության ներքո։ Կաշխատենք ձևավորել անցումային կառավարություն, որը կներկայացնի բոլոր սիրիացիների, այդ թվում՝ կանանց և երիտասարդների շահերը», – ասել է ալ-Շարաան։
Նա ասել է, որ կառավարությունը պատասխանատու է լինելու Սիրիայում նոր պետական ինստիտուտների ստեղծման համար՝ մինչև ազատ և արդար ընտրությունների փուլը և ապահովելու, որ քաղաքական գործընթացն իրականացվի օրենքի գերակայության շրջանակներում։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը: