«ՎԱԶ-21013» մակնիշի մեքենայում նռնակներ և փամփուշտներ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Թումանյան փողոցի տներից մեկում սպառնում է պայթեցնել մոտը գտնվող նռնակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 42-ամյա և Արտաշատի բնակիչ 37-ամյա երկու տղամարդիկ ակնհայտ ոչ սթափ վիճակում վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց: Ոստիկանների միջամտությամբ վեճը դադարեցվել է:
Տղամարդիկ մարմնական վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին: Նշված տան նախամուտքում կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի մեքենայում՝ վարորդի նստատեղի ակնհայտ տեսանելի մասում, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, իսկ մեքենայի շարժիչի բաց ծածկոցի հատվածում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, «ԱԿՍ» ինքնաձիգի չորս պահունակ՝ լիցքավորված 30 փամփուշտով և ինքնաձիգի ու խոշոր տրամաչափի փամփուշտներ էին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։