Իռլանդիայի նոր վարչապետը հայտնել է կառավարության կազմը
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հրապարակել է նոր կոալիցիոն կառավարության կազմը։ Այդ մասին հայտարարությունը «Ֆիաննա Ֆոյլ» (ՖՖ) կենտրոնամետ կուսակցության առաջնորդն արել է Ներկայացուցիչների պալատի նիստում, որի անդամներն ավելի վաղ քվեարկել էին նրան նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում հաստատելու օգտին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կառավարությունում բոլոր առանցքային պաշտոններն զբաղեցրել են ՖՖ-ի և նրա հիմնական կոալիցիոն գործընկերոջ՝ նախկին վարչապետ Սայմոն Հարիսի՝ նույնպես կենտրոնամետ «Ֆինե գել» (ՖԳ) կուսակցության ներկայացուցիչները։
Հարիսը զբաղեցրել է կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ գլխավորելով նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։ Կոալիցիոն կաբինետի կազմավորման շուրջ պայմանավորվածության համաձայն՝ 2027 թվականի կեսերին Մարտինն ու Հարիսը կփոխվեն պաշտոններով:
Ներկայացուցիչների պալատը հաստատել է նոր կառավարության կազմը, որից հետո խորհրդարանը արձակուրդի է գնացել մինչև փետրվարի 5-ը։