Պանաման բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Թրամփի հայտարարությունների դեմ
Պանամայի ղեկավարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, որտեղ հայտնում է, որ չի ընդունում Պանամայի ջրանցքի պատկանելության հարցի և այն ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու մտադրության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Այս մասին հայտնում է Պանամայի արտաքին գործերի նախարարությունը։
«Պանաման նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթի ժամանակ նրա արած հայտարարությունների առնչությամբ, երբ նա խոստացավ, որ ԱՄՆ-ն կվերադարձնի Պանամայի ջրանցքը: Նյու Յորքում ՄԱԿ-ում Պանամայի դեսպան Էլոյ Ալֆարո դե Ալբան կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հասցեագրված նամակում հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ երկրները պետք է իրենց հարաբերություններում ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Հունվարի 20-ին Թրամփը, երդմնակալության խոսքով ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդայում, կրկին հայտարարել է Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» մտադրության մասին։ Նա պնդել է, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելը «անմիտ նվեր էր, որը պետք չէր անել»: Թրամփի կարծիքով՝ «Չինաստանն է կառավարում Պանամայի ջրանցքը»։
Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել 1914 թվականին, կառուցվել Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոս-Քարթերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և մատչելիությունը համաշխարհային առևտրի համար։ Այսօր այն մնում է կարևորագույն երթուղի համաշխարհային տնտեսության համար և ԱՄՆ-ի շահերի առանցքային օբյեկտներից մեկը: