Իմ հոր և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանի
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամաավոր Լևոն Քոչարյանը:
Հարցին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի աջակիցների միջև լարվածության կա՞, թե՞ ոչ, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես թեման հասկանում եմ, չեմ ուզում ինչ-որ մեկի խոսքերը մեկնաբանել։ Ես գիտեմ, որ դա կա, հատկապես ֆեյսբուքի տիրույթում ինչ-որ մարդիկ կան, ովքեր իրար հետ կարող են մտնել լեզվակռվի մեջ, փոխադարձ վիրավորանքներ լինեն, մեկը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, մյուսը՝ ուրիշ քաղաքական թիմի աջակիցը։
Նման բան, որ մենք ինչ-որ մարդկանց ուղղորդենք, ասենք՝ նման բան արեք, բացարձակապես չկա: Դա ուղղորդված չի արվում, մեզ մոտ չկա կուսակցություն, չկան կառույցներ, չկան ձեր սիրած շրջաբերականներից, ուղղակի ինչ-որ մարդիկ են, ովքեր կարող են մեծ հարգանք ունենալ հորս մասով, մեր քաղաքական թիմի առումով և իրենք ինչ որ կարծիք, դիրքորոշում ունենան այլ հարցերով, դա չի նշանակում, որ իրենց բոլոր դիրքորոշումները մերն են»,- ասաց նա:
Լրագրողի ճշտող հարցին՝ ամենաբարձր մակարդակում լարվածություն կա՞, Լևոն Քոչարյանն ասաց. «Ոչ, չկա լարվածություն»: