Քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել։
Թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ժամը 14:10-ի սահմաններում մի քաղաքացի մուտք է գործել թանգարան, թանգարանում աշխատող հսկիչ, 52-ամյա Շուշանիկ Գ.-ի և մյուս աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով որ նրանց կվերացնի։
Ըստ թանգարանի աշխատակիցների՝ այդ քաղաքացին հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։