TikTok-ը կրկին հասանելի է դարձել ԱՄՆ-ում՝ դրա համար շնորհակալություն հայտնելով Թրամփին
ԱՄՆ-ում որոշ ժամանակով արգելափակվելուց հետո TikTok-ը կրկին հասանելի է դարձել, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավելվածի հասանելիությունը կվերականգնի իր՝ իշխանության վերադառնալուց հետո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Անկեղծ ասած՝ մենք այլընտրանք չունենք։ Մենք պետք է փրկենք այն», – ասել է Թրամփը հունվարի 19-ին՝ իր երդմնակալության նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ։
Հանրահավաքից ժամեր առաջ օգտատերերին ուղարկված հայտարարության մեջ TikTok-ը հայտնել էր. «Շնորհիվ նախագահ Թրամփի ջանքերի՝ TikTok-ը վերականգնվել է ԱՄՆ-ում»։
ԱՄՆ-ում TikTok-ից օգտվում է ավելի քան 170 միլիոն մարդ։ Սոցիալական հարթակն անհասանելի էր դարձել այն բանից հետո, երբ հունվարի 19-ից ուժի մեջ էր մտել այն արգելելու մասին օրենքը՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ։
ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ չինական մայր ընկերության՝ ByteDance-ի ենթակայության տակ գտնվելու պատճառով կան վտանգներ, որ ամերիկացիների տվյալները սխալ կօգտագործվեն։