«3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով
Վրաստանը կարող է զբաղեցնել իր տեղը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին Ռուսաստանի դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք ակտիվորեն պաշտպանել ենք (Ադրբեջանի) նախագահ (Իլհամ) Ալիևի նախաձեռնությունը «3+3» մեխանիզմի ստեղծման մասին՝ երեք հարավկովկասյան երկրները և նրանց երեք հարևանները՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Այն պաշտպանել է նաև (Թուրքիայի) նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանը:
Արդեն կայացել են առաջին շփումները, մեր վրացի հարևանները դեռ չեն զբաղեցնում իրենց համար հատկացված աթոռը, բայց աթոռն այն սեղանի շուրջ, որտեղ մենք հավաքվում ենք՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրները, միշտ հասանելի է մնում նրանց համար», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Նախարարի կարծիքով՝ «3+3» ձևաչափն ավելի օբյեկտիվ է, քան Եվրամիության մասնակցությամբ ձևաչափը։ «Քիչ առաջ լսեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ: Հասկանալի է՝ երկու հարց է մնում՝ դժվար է դրանք ինչ-որ կերպ շրջանցել:
Անհրաժեշտ է վճռել՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ»: Հենց այդ պահին Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսեցին ասել. «Ահա մենք հիմա կգանք, ձեզ կօգնենք»: Դա Ադրբեջանի և Հայաստանի սուվերեն որոշումն է՝ որտեղ ստորագրել փաստաթուղթը, երբ այն համաձայնեցվի, բայց Բրյուսելի և Վաշինգտոնի ձգտումը նույնպես ինչ-որ կերպ ցույց տալու համար, որ այդ իրենք են ամեն ինչ արել, ևս մեկ անգամ վկայում է, որ…. ամեն տեղ ցանկանում են ցույց տալ, որ իրենք են տերը», – ասել է Լավրովը։
Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի նախաձեռնությամբ հանդես են եկել Ալիևն ու Էրդողանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել այս նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հարթակի առաջին նիստը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով: