Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները յուրացնելու գործին։ Ընդ որում` կարևոր չեն հիմնավորումները, պատմական աղբյուրներն ու օբյեկտիվությունը։
Սխեման աշխատում է հետևյալ կերպ․ «հետազոտության» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային որևէ օբյեկտ, անվանել այն աղվանական կամ թյուրքական, ասել, որ հայերը յուրացրել են դա, և նյութը պատրաստ է, գումարն էլ՝ յուրացված։
Նման օրինակներից է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անվան Պատմության ու ազգաբանության ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի հոդվածը ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։
Ավելորդ է նշել, որ հոդվածը կառուցված է կեղծ և անտրամաբանական պնդումների վրա։ Այն սկսվում է նախաբանով, որում նկարագրվում է, որ ժամանակին թյուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստվածություններին և հետևաբար ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եվ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցված, ուրեմն այն աղվանական ճարտարապետության նմուշ է (ժամանակակից ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանական անցյալի մեջ միաձուլել թյուրքական և աղվանական բաղադրիչները)։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։