Վրաստանում խորհրդարանական ընտրությունները թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին․ Կոբախիձե
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ։
«Ընտրություններն անցել են լիովին արդար, ազատ, մրցակցային և մաքուր։ Թափանցիկության հետ կապված խնդիրներ չկան, ցանկացողները կարող են վերստուգել»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Հելսինկյան կոմիտեն հայտարարել էր, թե Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիական հասարակությունը, քաղաքական գործիչները և դիտորդները «հստակ ապացույցներ» են ներկայացրել, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը։ Կոմիտեն նաև աջակցություն էր հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով հայտարարել էր, թե ընտրակեղծիքներ են տեղի ունեցել։
Այս հայտարարության առնչությամբ Վրաստանի վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Հելսինկյան կոմիտեի հայտարարությունները գրոշի արժեք չունեն»։