Ռուսաստանին մտահոգում է, որ Արևմուտքը Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում․ Պեսկով

Արևմտյան երկրները, մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքները, հանդես են գալիս միջպետական հարաբերությունների համար միանգամայն անընդունելի հայտարարություններով, այդ թվում՝ վերջնագրերով, այդ պրակտիկան պետք է դադարեցվի, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բարոյախրատական հայտարարություններ են հնչում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, որոնցում բառացիորեն՝ վերջնագրեր են ներկայացվում Վրաստանի ղեկավարությանը։ Այդ զզվելի դրսևորումները հակասում են միջպետական ​​հարաբերությունների նորմերին, դրանց պետք է վերջ տրվի»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը մտահոգված է խորհրդարանական ընտրություններից հետո Արևմուտքի կողմից Վրաստանին առաջադրած այդ վերջնագրերով։

«Մենք չենք միջամտում հարևան երկրում տեղի ունեցողին, սակայն մտահոգված ենք, որ ԵՄ երկրները և Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ իրենց պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի ղեկավարությանը»,- հավելել է Պեսկովը։

Նշենք, որ Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը չեն ընդունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով իշխող «Վրացական երազանքի»՝ 54 տոկոս քվեներով վերընտրվելու փաստը, իսկ ԱՄՆ ու ԵՄ պաշտոնական ներկայացուցիչներն իրենց հերթին Վրաստանի վերընտրված իշխանություններին սպառնացել են «տհաճ հետևանքներով», եթե նրանք չփոխեն իրենց արտաքին քաղաքական կուրսը։

Տեսանյութեր

Լրահոս