Բաժիններ՝

Մակուղեղի հետ կապված ամենահաճախ հանդիպող հիվանդությունները

Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու հորմոնային համակարգի կենտրոնական օղակներից մեկն է:

Չնայած իր փոքր չափսին, մակուղեղն արտադրում է բազմաթիվ հորմոններ, որոնց մի մասն ուղղակիորեն ազդում է օրգանիզմի վրա, իսկ մյուսները հսկում են ներզատական այլ գեղձերի կողմից հորմոնների արտադրությունը

Մակուղեղը տեղակայված է ուղեղի միջին շրջանում: Մակուղեղը շատ փոքր է, ունի ընդամենը 0,5-0,6 գրամ կշիռ և իր չափսով նմանվում է սիսեռին:

Մակուղեղի գործունեությունը վերահսկվում է երկու ճանապարհով. ուղեղի մեկ այլ շրջանից՝ հիպոթալամուսից ստացվող ազդանիշներով և ներզատական այլ գեղձերի հորմոնների ընկալելի մակարդակներով:

Մակուղեղի արտադրած հորմոններն են՝

աճի հորմոն, որը կարգավորում է օրգանիզմի աճը,

թիրեոտրոպ հորմոն, որը դրդում է վահանաձև գեղձին, որպեսզի վերջինս արտադրի իր հորմոնները,

պրոլակտին, որը հսկում է կրծքագեղձի կողմից կաթի արտադրությունը,

վերարտադրողական ցիկլի մեջ ներգրավված լյուտեինացնող և ֆոլիկլուլախթանիչ հորմոններ,

ադրենոկորտիկոտրոպ հորմոն, որն օգնում է մակերիկամների գործունեության հսկողությանը,

օքսիտոցին, որը մասնակցում է ծննդաբերության և կրծքով կերակրման գործընթացներին,

հակադիուրետիկ հորմոն, որն օգնում է օրգանիզմի կողմից հեղուկների փոխանակության կարգավորմանը:

Ախտահարված մակուղեղը կարող է ուժեղացնել կամ թուլացնել իր հորմոնների արտադրությունը: Գեղձը կարող է նաև հանդիսանալ ուռուցքի շրջան՝ ճնշելով հարակից ուղեղային հյուսվածքները: Մակուղեղի ուռուցքների մեծ մասը բարորակ բնույթի է և կարող է խնդիրներ առաջացնել, եթե ուռուցքը մեծանում է՝ զբաղեցնելով համեմատաբար մեծ տարածք կամ զարգանում են հորմոնային կտրուկ շեղումներ:

Ստորև ներկայացնում են մակուղեղի հետ կապված ավելի հաճախ հանդիպող հիվանդությունները:

Հիպերպրոլակտինեմիա (պրոլակտինի ավելցուկ), որը կանանց մոտ առաջացնում է դաշտանի քչացում կամ դադարեցում, հղիացման հետ կապված դժվարություններ և ծննդաբերության հետ կապ չունեցող կրծքագեղձերում կաթի արտադրություն:

Աճի հորմոնի պակաս, որը երեխաների մոտ հետաձգում է մարմնի աճն ու զարգացումը և բերում է գաճաճահասակության, ոչ հազվադեպ՝ նաև հոգեկան թերզարգացման և ինֆանտիլիզմի: Չափահասների մոտ աճի հորմոնի պակասն առաջացնում է ընդհանուր և մկանային թուլություն, ինչպես նաև կարող է ազդել ոսկրերի առողջության վրա:

Հիպոպիտուիտարիզմ, երբ մակուղեղի բոլոր հորմոնների անբավարարությունը առաջացնում է բազմաթիվ ախտանիշներ:

Մակուղեղի հետ կապված հազվադեպ զարգացող հիվանդություններից են՝

գիգանտիզմ, երբ դեռահասն աճում ու դառնում է խիստ բարձրահասակ,

ակրոմեգալիա, երբ չափից դուրս աճում և մեծանում են չափահաս մարդու ձեռքերը, ոտնաթաթերը և ստորին ծնոտը,

Քուշինգի համախտանիշ, երբ օրգանիզմը սկսում է արտադրել չափից դուրս շատ ստերոիդ հորմոններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս