Բաժիններ՝

Նորակառույցների համար ՀԷՑ-ին անհրաժեշտ են մասնագետների նոր բրիգադներ. որքա՞ն կարժենա դա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կքննարկի տասնյակհազարավոր նոր բաժանորդների սպասարկման նպատակով հավելյալ էլեկտրիկներ հավաքագրելու հարցը: Այս մասին Sputnik Արմենիային ասաց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Վերջին 7 տարիների ընթացքում ցանցին միացել է նախատեսվածից 54 հազարով շատ բաժանորդ, քանի որ հանրապետությունում զգալիորեն ավելացել են բնակարանաշինության ծավալները (հարկային արտոնությունների հաշվին):

2016 թվականին ՀԾԿՀ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ քննարկել և հաստատել է սակագնային մեթոդաբանությունը, որով ընկերության ծախսերը պետք է փուլ առ փուլ կրճատվեն: Նաև այդ պատճառով 2016-2021 թվականներին ընկերության նորմատիվային հաստիքը կրճատվել է 1100-ով։ «Նորմատիվային» բառը նշանակում է, որ ընկերությունը կարող է ավելի շատ աշխատողներ պահել, բայց ոչ էլեկտրաէներգիայի սակագնի հաշվին:

Ուլիխանյանը պարզաբանեց, որ ընկերության հաստիքները նախատեսվում էր 2025 թվականից կրճատել ևս 280-ով (և հասցնել մոտ 6430-ի)։

Սակայն ՀԾԿՀ-ն խոստովանում է, որ ՀԷՑ-ը դա չի կարող անել օբյեկտիվ պատճառով. նոր շենքերում էլեկտրագծերի սպասարկման համար անհրաժեշտ է լրացուցիչ անձնակազմ:

Բայց որպեսզի աշխատավարձերը հնարավոր լինի վճարել սակագների հաշվին, անհրաժեշտ է փոխել 2016 թվականին ընդունված մեթոդաբանությունը։ Այժմ այդ հարցը քննարկվում է ՀԷՑ-ի հետ։

Քննարկումները, Ուլիխանյանի խոսքով, պետք է ավարտվեն դեկտեմբերի սկզբին, քանի որ տարեվերջին պետք է հաստատվեն էլեկտրաէներգիայի նոր սակագները (որոնք ուժի մեջ կմտնեն 2025 թվականի փետրվարի 1-ից)։

Հնարավոր է, որ ՀԷՑ-ը ստիպված չի լինի ավելացնել հաստիքները, քանի որ էլեկտրիկներին կարող են ընդունել այլ բաժիններում կրճատումներ անելու հաշվին։
Հավելենք, որ հաստիքների ավելացումը (անգամ եթե դա տեղի ունենա) չպետք է էական ազդեցություն ունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ–ում միջին աշխատավարձը ամսական 250 հազար դրամ է։ Պայմանական 100 նոր աշխատողի աշխատավարձը կկազմի տարեկան 300 մլն դրամ։

Այդ գումարի ազդեցությունը 1 կիլովատտ/ժամի արժեքի վրա կկազմի ընդամենը մոտ 0,05 դրամ (եթե 300 մլն դրամը բաժանենք մոտ 6 մլրդ 290 մլն կիլովատտ/ժամի, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում 2024-ի կտրվածքով կանխատեսված սպառման ծավալին)։ Ներկայիս ցերեկային սակագինը տնային տնտեսությունների համար կազմում է 46,48-ից մինչև 53,48 դրամ, գիշերային սակագինը՝ 36,48-ից մինչև 43,48 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս